ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ՝ նրա նախաձեռնությամբ: ՀԱԿ-ի հաղորդագրությունում ասվում է.
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները և դրանց հետևանքով առաջացած նոր իրավիճակի խնդիրները»: Դեսպան Ռիչարդ Միլսը հուսադրող է համարել, որ հայաստանյան ղեկավարությունը բանակցային կարգավորման հանձնառություն է հանդես բերել և հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը կշարունակի հետամուտ լինել դրան: Համաձայնելով դեսպանի կարծիքին, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է բանակցային գործընթացի վերսկսմանը զուգահեռ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մշտադիտարկման (մոնիտորինգի) մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, դա բացատրելով այն հանգամանքով, որ զինադադարի շարունակաբար կրկնվող նախորդ խախտումների գնահատման հարցում միջազգային հանրության դրսևորած պարիտետային մոտեցումը ոչ միայն չի նպաստել նոր խախտումների բացառմանը, այլև կողմնակիորեն քաջալերել է Ադրբեջանին՝ սանձազերծելու երկուստեք հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ապրիլյան լայնամասշտաբ սադրանքը։
Տեր-Պետրոսյանը գտնում է, որ մշտադիտարկման ռեժիմի կիրառումը հնարավորություն կտա զինադադարի խախտման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մատնանշել խախտող կողմի հասցեատիրոջը, ինչը կարող է զսպող դեր խաղալ շփման գծում անդորրություն պահպանելու և բանակցային գործընթացի շուրջ բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։